08/12/2016 19:06
Պաշտպանության նախարարի մեքենայի վթարի դեպքով հարուցվել է քրեական գործ
Քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
2016թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 231,3-րդ կմ-ում ՊՆ N զորամասի զինծառայող ավագ վարորդ, լեյտենանտ Ա. Մուսիկյանն իր վարած «Լեքսոըս LX-570» մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին:
Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ վթարի պահին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեքենայում չի եղել: Ըստ նրա մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի` նախարարը այդ պահին կատարում էր իր պարտականությունները: