08/12/2016 15:27
Անհավանական հեռանկար եմ համարում, որ գազամուղի ակցիաների վերահսկիչ փաթեթը հայտնվի Ադրբեջանի ձեռքում. Շիրակ Թորոսյան
Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը գնելու մասին Ադրբեջանական SOCAR ընկերության հայտարարությունն անտարբեր չթողեց հայկական կողմին։ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց այս հարցը։ Վրացական գազամուղի շուրջ զարգացող հեռանկարների մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցեց Շիրակ Թորոսյանի հետ։
- Պարոն Թորոսյան, հավանակա՞ն եք համարում Ադրբեջանի կողմից գազամուղի ձեռքբերման մասին հայտարարությունները։
- Ես անհավանական հեռանկար եմ համարում, որ ակցիաների վերահսկիչ փաթեթը հայտնվի Ադրբեջանի ձեռքում, մնացած ցանկացած տարբերակ հավանական եմ համարում, այդ թվում՝ այն, որ Հայաստանը ձեռք բերի այդ ակցիաները, հայ մեծահարուստ գործարարները ձեռք բերեն կամ, որ ռուսական «Գազպրոմը» ձեռք բերի այն։ Գուցե նաև Իրանը մասնակցի դրան։ Հավանական եմ համարում, որ այն կարող են ձեռք բերել նաև վրացի մեծահարուստ գործարարները։ Ցանկացած տարբերակ հավանական կհամարեմ, մինչդեռ բացառված կհամարեմ, եթե վերահսկիչ փաթեթը հայտնվի ադրբեջանցիների ձեռքին։
- Երեկ պատասխանելով ձեր բարձրաձայնած հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ 25 տոկոսի դեպքում հարցը մտահոգիչ չէ։
- Առայժմ խոսքը 25 տոկոսի իրացման մասին է, և վարչապետի պատասխանի մեջ օբյեկտիվություն կա, որ այդ չափաքանակի պարագայում ռիսկեր չկան, բայց դա գործընթաց է և եթե այսօր խոսքը 25 տոկոսի մասին է, ապա վաղը գուցե 50, մյուս օրը 70 տոկոսի մասին կարող է լինել։ Այ սա է մեզ մտահոգում և, բնականաբար, հստակ քաղաքականություն պիտի իրականացնենք՝ թույլ չտալու համար, որ SOCAR-ը ձեռք բերի վերահսկիչ փաթեթը։
- Եթե անգամ Ադրբեջանին հաջողվի ձեռք բերել փաթեթը, ապա ի՞նչ լուրջ վտանգ կառաջացնի դա մեզ համար։
-Լուրջ վտանգներ չեն առաջանա, փոխարենը վաղվա օրվա մտահոգություն կառաջանա։ Ես կարծում եմ, որ սա նաև Վրաստանին ձեռնտու տարբերակ չէ։ Առանց այն էլ SOCAR-ը վերահսկում է Ադրբեջանի ողջ էներգետիկ համակարագը և ձեռնտու չէ, որ հիմա էլ մեկ այլ բավական կարևոր ենթակառուցվածք անցնի նրա ձեռքը։ Եթե այդպես լինի, ապա Վրաստանը ևս 100 տոկոսով կախված կլինի Ադրբեջանից, որովհետև սա մի գազամուղ է, որը ռուսական գազ է մատակարարում Հայաստան, սրանից Վրաստանը ստանում է տրանզիտային տոկոս։
Եթե գազամուղը հանձնում է Ադրբեջանին, թեկուզ աստղաբաշխական թվերի դիմաց, ապա Վրաստանն ամբողջովին ընկնում է Ադրբեջանից կախվածության մեջ և բնական է, որ Ադրբեջանը կուզենա ինքն իր գազը վաճառել։
Դեռևս 2012 թվականին, երբ Սահակաշվիլու կառավարությունը գազամուղը հանեց աճուրդի՝ SOCAR-ը միանգամից չտեսնված, չլսված թիվ առաջարկեց դրա համար՝ 500 մլն դոլար։ Դա տնտեսագիտական գին չէր, այլ քաղաքական։