08/12/2016 16:01
Հայաստանում «Ճանապարհային ոստիկանություն» հասկացությունը կվերանա. դրան կփոխարինի պարեկային ծառայությունը
Խորհրդարանոմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հետաքրքրվեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում առաջիկայում ոլորտում։
Փոխոստիկանապետն ընդգծեց, որ համայնքային ոստիկանության հիմնադրումը բարեփոխումների առաջին քայլերից մեկն էր։
«Կոպիտ ասած, սա շերիֆական ինստիտուտի ներդրումն է, բայց հայկական տարբերակով։ Այն դեռ կայացման փուլում է։ Այստեղ դեռ անելիքներ կան», - ասաց փոխոստիկանապետը։
Վերջինս ընդգծեց, որ բազմիցս քարկոծված Ճանապարհային ոստիկանության աշխատանքները նույնպես ձևափոխվելու են։ Վ. Եղիազարյանն ընդգծեց, որ «ճանապարհային ոստիկանություն» հասկացությունը կվերանա, դրան կփոխարինի պարեկային ծառայությունը։
«Մտահղացում կա պարեկային ծառայության անցնելու: Ըստ երևույթի` կվերանա ճանապարհային ոստիկանություն հասկացությունը, և կլինեն պարեկային ծառայություն, քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգության ոստիկանություն ստեղծելու տարբերակները», - ասաց փոխոստիկանապետը: