08/12/2016 17:14
60 հազար աշխատավարձով տան տղամարդը չի կարող առավոտից գիշեր ոստիկան աշխատել. Հեղինե Բիշարյան
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանում, գնահատելով ոստիկանության աշխատանքը, առանձնակի շեշտեց ոստիկանների աշխատավարձի խնդիրը։
Պատգամավորի խոսքով՝ հասարակության շրջանում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ վստահությունը թույլ է, որովհետև ոստիկանության աշխատակիցների և հասարակության միջև բախումները միշտ չէ, որ հաջող ավարտ են ունենում, ինչն էլ հանգեցնում է ոստիկանության նկատմամբ վստահության անկման։
«60 հազար աշխատավարձով տան տղամարդը չի կարող առավոտից գիշեր ոստիկան աշխատել և այնպիսի արդյունավետ աշխատանք կատարել, որ հասարակությունն ամեն քայլափոխ նրա շունչը, ոգին, տրամարդվածությունը զգա։ Եթե նրանց վարձատրությունը չենք բարձրացնում, ակնկալիքը լինում է ցածր», - ասաց նա «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ապա առաջարկեց փոխոստկանապետին վերանայել աշխատավարձերը։
Իր խոսքում Հեղինե Բիշարյանը, դիմելով Վարդան Եղիազարյանին, առաջարկեց նաև անազատության մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամներին բաց թողնել՝ փոխարենը նրանց նկատմամբ որոշ տույժեր ու տուգանքներ սահմանելով։