09/12/2016 15:49
Ոչ մի խախտման մասին խոսք լինել չի կարող. Բագրատ Ենգիբարյանը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին
Ոչ մի խախտում և ոչ մի չարաշահում չկա. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսպես արձագանքեց հիմնադրամի ծառայողների դեմ քրեական գործ հարուցելու փաստին:
«Չգիտենք, թե ինչի համար են քրեական գործ հարուցել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Ենգիբարյանը, ով այս պահին Բրյուսելում է: Նա նշեց, որ Հայաստան վերադառնալուն պես կզբաղվի այդ գործով:
Բ. Ենգիբարյանը նշեց, թե արդեն տեղյակ են, որ Վերահսկիչ պալատը եզրակացություն է ներկայացրել, այն ավտոմատ փոխանցվել է Գլխավոր դատախազություն և քրեական գործ է հարուցվել:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի եզրակացությանը, Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ դրա վերաբերյալ իրենք արդեն ներկայացրել են իրենց դիտողությունները:
«Ոչ մի խախտման մասին խոսք լինել չի կարող: Շատ լավ է, որ գործը գնացել է դատախազություն: Դատախազությունում պրոֆեսիոնալ մարդիկ են, մանրամասն կուսումնասիրեն, նաև մեր առարկությունները կտեսնեն, և մենք միայն ուրախ կլինենք, որ մանրամասն, պարզ, ամեն ինչ բացահայտվի, ոչ թե լղոզեն ու ծածկադմփոց անեն, մամուլում տարածեն»,- ասաց Ենգիբարյանը:
Ավելի վաղ նշել էինք, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ տված խախտումներ և չարաշահումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: