09/12/2016 09:17
ՀՀԿ ԳՄ նիստը չի կայացել. «անհրաժեշտություն չի առաջացել». ՀԺ
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստ տեղի չի ունեցել, հնարավոր է, այս շաբաթ ընդհանրապես նիստ չլինի։ ՀՀԿ-ում սովորաբար ամեն հինգշաբթի ԳՄ նիստ չի լինում միայն այն դեպքում, երբ Ս. Սարգսյանը երկրում չի լինում, բայց այս շաբաթ նա երկրից դուրս չի եկել։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Չի հրավիրվել, քանի որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի առաջացել, վաղը եթե առաջանա, կհրավիրենք։ Հաջորդ շաբաթ կունենանք», - թերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը։
Սպասվում էր, որ այս շաբաթ ՀՀԿ-ն պետք է հստակեցներ իր նախագահի տեղակալների թեկնածուների անունները, այնուհետ խորհրդի նիստում հաստատեր։ Հայտնի է, որ առանձնացվել է առաջին տեղակալի պոստը, որի համար առաջադրվելու է Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Ներկայումս ՀՀԿ փոխնախագահներն են Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանը և Ռազմիկ Զոհրաբյանը։ Վերջինս չընդգրկվեց ԳՄ կազմ, միգուցե հրաժե՞շտ տա նաև տեղակալի պոստին։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է իր տեղակալների կազմում մեծ փոփոխություն անել, բայց դա դեռ չի հստակեցրել, այդ պատճառով էլ շաբաթ ԳՄ նիստ չի հրավիրել՝ թերթի այս հարցին Ռուբիկ Թադևոսյանը պատասխանել է. «Դուք ինչո՞ւ եք այդքան շտապում, ժամանակը կգա, խորհրդի նիստ կանենք, ձեզ էլ առաջինը կտեղեկացնենք»։