09/12/2016 11:34
Համաշխարհային բանկը 2016-ին Հայաստանի համար կանխատեսում է 0% տնտեսական աճ, 2017-ին էլ՝ 2 %
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ինչ տնտեսական ցուցանիշներով Հայաստանը կամփոփի 2016 թվականն, ասաց՝ այս տարվա մինչ հոկտեմբերը ամեն ամիս նախորդի համեմատ տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը նվազում է:
«Կան պաշտոնական տվյալներ, որ երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 2,8 %՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ», - ասաց Գոհար Գյուլումյանը:
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետն ասաց, որ այդ տեսանկյունից իրենք ևս վերանայում են իրենց կանխատեսումները:
«Դեռևս հոկտեմբերին 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ մեր սպասելիքները դրական էին՝ 2,4 %: Այդ բազայի հիման վրա կանխատեսում էին 2,8 % 2017 թվականի համար: Սակայն այս պահին ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները, որը ցույց է տալիս ընդամենը 0,4 տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ մեր վերանայված կանխատեսումները, որոնք դեռևս հրապարակված չեն, ցույց են տալիս, որ լավագույնը 0 %-ն է կամ որևէ դրական տնտեսական աճ չի նախատեսվում 2016 թվականի համար», - ասաց ՀԲ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը:
ՀԲ-ի կողմից 2017 թվականի համար Հայաստանում տնտեսական աճի սպասելիքներն էլ 2 %-ից չեն անցնում:
«Միջին ժամկետի ցուցանիշները համապատասխանաբար շատ համեստ են՝ 2-2,5 %-ի շրջանակներում, որը Հայաստանի պարագայում շատ խոստումներ չի կարող պարունակել: 2015 թվականի աղքատության ցուցանիշը, որ հրապարակվեց ընդամենը մի քանի ամիս առաջ, ցույց է տալիս, որ աղքատությունը մնացել է նույն մակարդակին՝ ընդամենը 0,2 % նվազում: Որպեսզի Հայաստանը կարողանա որևէ լուրջ ձեռքբերում ունենալ աղքատության նվազման, սոցիալական խնդիրների լուծման հարցում, տնտեսական աճի ցուցանիշը պետք է տարեկան լինի 5 և ավելի % »,- պատասխանելով Aysor.am-ի հարցին, ասաց Գոհար Գյուլումյանը: