09/12/2016 10:37
Մարգինալացված ապագային սպասելիս. Պատգամավորի և լրագրողի միջև միջադեպի հետքերով
Խորհդարանում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում, լրագրողի պնդմամբ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ազատություն էր տվել ձեռքերին, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հասարակական հարաբերությունների որակի և մակարդակի հստակ ցուցիչ:
Այս ցուցիչով շարժվոմ են գրեթե բոլորը՝ լինի ընտրությունների ժամանակ, կենցաղային վեճերը հարթելիս, բանակում հարաբերությունները պարզելիս, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս և նույնիսկ երեխաներին դաստիարակելիս (հայրական «պրոֆիլակտիկ» ապտակը համընդհանուր ընդունելի երևույթ է): Կարճ ասած՝ բռնությունն իր տարատեսակ դրսևորումներով դարձել է մեր կյանքի անբաժանելի մասնիկը, կենցաղավարման տեսակներից մեկը:
Եթե անդրադառնանք կոնկրետ դեպքին, ապա հասկանալի է, որ ՀՀ ԱԺ-ում բնավ հրեշտակներ չեն հավաքված: Համենայնդեպս, եթե հաշվի ենք առնում խորհրդարանում մականունավորների տեսակարար կշիռը, նրանց պահվածքը, արտահայտչաձևերում մտքի տիտանական թռիչները («Ես բռնություն չեմ տանում: Երբ լսում եմ դրա մասին՝ քիչ ա մնում սիլլեմ բերնին»), ապա պարզ է դառնում, որ այս կոնտինգենտից քաղաքակիրթ շփում ակնկալելն առնվազն միամտություն է: Ասենք, նմանապես բարդացել է նաև խորհրդարանական «ինտելեկտուալների» հետ շփումը, քանի որ վերջինները մականունավորներից վաղուց արդեն, ժողովրդի լեզվով ասած, «խոնավություն են քաշել» և ցանկացած թունդ արտահայտություն օգտագործելուց առաջ վայրկյան իսկ չեն մտածում:
Այսուհանդերձ, հարկ է նկատել, որ այս ամենում իրենց դերն ունեն նաև լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնց երբեմն ոչ կոռեկտ պահվածքն ու անհարկի համառությունն (ի դեպ, Ռուբեն Հակոբյանի հետ տեղի ունեցածը հենց նման դեպքերից էր) ավելի շատ հիշեցնում է ոչ թե քննախուզություն, այլ սովորական սադրանք: Այսինքն, կարելի է ընդունել, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանին աշխարհաքաղաքական զարգացումների մասին հարցապնդումներ անողները կամ Առաքել Մովսիսյանին փաթաթվել ցանկանողների միակ նպատակը ոչ թե հարցերի պատասխանին հասնելն է, այլ վերոնշյալներին հավասարակշռությունից հանելով՝ տեսարան ստանալն ու այն վաճառքի հանելն է:
Հետևաբար, նույնիսկ վերը նշված կամ, ավելի ճիշտ, հատկապես վերը նշվածը թույլ է տալիս պնդել, որ գոյություն ունի կախարդական շրջան, որի մեջ ընկած հասարակությունը դատապարտված է մարգինալացվելու: «Քաղաքական էլիտա» կոչվածը տգետ է ու անկիրթ: Նույն այդ էլիտայի և հասարակության կապը հանդիսացող լրագրողների մեծ մասը՝ նույնպես: Հասարակությունն ունի հացի խնդիր, բայց առայժմ սահմանափակվում է տեսարաններին «թամաշա» անելով, հերոսներ ու դավաճաններ կերտելով, իսկ իրավիճակային փոփոխությունների դեպքում՝ դրանց տեղերը փոխելով:
Իսկ դրա արդյունքում իրավիճակն է՛լ ավելի է վատթարանում, քանի որ աստիճանաբար մեռնում է այդ կախարդական շրջանակը ճեղքելու հնարավորությունն ու հույսը, քանի որ նույն այդ «էլիտային» սնող և աճեցնող հասարակությունը, դառնալով սեփական հիվանդության գերին, այնտեղ գործուղում է արդեն իսկ մարգինալների վերածված մարդկանց, որոնք... ճիշտ է՝ տգետ են և անկիրթ: