09/12/2016 14:35
ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Երևանի ներդրումը միջազգային անվտանգության հաստատման ջանքերում. Նալբանդյանը հանդիպել է Գետտեմյուլլերի հետ
Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության և քաղաքական երկխոսության կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում իրականացվող Վճռական աջակցություն առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության և կայունության հաստատման ջանքերում: