09/12/2016 09:38
Օսկանյանի ջանքերն ապարդյուն են.կուսակցությունների հետ չեն համախմբվում. «Հրապարակ»
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում է իր շուրջ համախմբել հայտնի ու անհայտ կուսակցությունների:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ անցած ուրբաթ Օսկանյանի կուսակցության փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում է նախաձեռնել «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հետ, որի անդամն է նաև ինքը։ Հավաքին, բնականաբար, մասնակցել են այդ նախաձեռնության անդամ կուսակցությունները ու ոչ միայն։ Եղել է Հակոբ Ավետիքյանի Ռամկավար ազատական կուսակցությունը, Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը՝ ի դեմս փոխնախագահ Կառլեն Ալեքսանյանի, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը՝ նախագահ Սոս Գիմիշյան։ Քննարկել են առաջիկա ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև հանրությանն անհայտ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՌԱԿ գրասենյակում։
Թերթի տեղեկություններով՝ քննարկումն անպտուղ է եղել։ Ռամկավարները, այնուամենայնիվ, որոշել են ընտրությունների գնալ հնչակյանների հետ, որի մասին մենք ավելի վաղ գրել ենք։ Ավանդական կուսակցությունները կարծում են, որ թե Եկեղեցու և թե սփյուռքյան շրջանակում ունեն ազդեցիկ հովանավորներ և առանց այդ միավորումների էլ կկարողանան այդ ռեսուրսն իրենց օգտին ծառայեցնել։ Ի դեպ, ՍԴՀԿ-ՌԱԿ միավորումը թերևս կհաստատվի հունվարին սպասվող բազմամարդ համաժողովում, որին կմասնակցեն նաև Սփյուռքից հյուրեր։