20/12/2016 14:22
Լիբանանում հայ խաղաղապահների թիվն առաջիկայում կավելացվի. Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան
ՀՀ զինված ուժերի միջազգային խաղաղապահ առաքելության իրականացման նոր ուղղություն դեռևս չկա, սակայն բանակցություններ են տարվում Լիբանանում հայ խաղաղապահների թվի ավելացման շուրջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, ասաց ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:
«Լիբանանյան առաքելության հարցով հանդիպում ենք ունեցել իտալական բանակի գեներալներից մեկի հետ, ու նա մեզ առաջարկել է քննարկել երկրի ղեկավարության հետ, որպեսզի Լիբանանի հայկական խումբն ավելացվի: Համենայնդեպս, իտալական կողմը նման ակնկալիք ունի ու առաջարկում է խումբը հասցնել 100 մարդու»,- ասաց գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը` նշելով, որ դեռևս պարզ չեն խմբի ավելացման ժամկետները:
Խաղաղապահ բրիգադի հրամանատարն ընդգծեց` սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե որքան գոհ են մեր զինծառայողներից խաղաղապահ առաքելությունների ղեկավարներն ու այլ բանակների հրամանատարները:
«Ամեն զինծառայող, կարծես, մի դեսպան լինի, ում միջոցով ճանաչում են մեր երկիրը ու, հավատացեք, մեր այդ դեսպաններն իրենց հրաշալի են դրսևորում»,- ասաց հրամանատարը:
Հանդիպմանը ներկա էր Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացրած փոխգնդապետ Աշոտ Զախարյանն, ով այն հայ սպաներից մեկն է, ում հաջողվել է ռեալ կոնֆլիկտ հարթել առաքելության ընթացքում:
«2014թ.-ին ես եղել եմ Լիբանանում որպես ՄԱԿ-ի դիտորդ` Իսրայելի սահմանին: 2014թ.-ի մայիսի 11-ին սահմանի թեթև խախտման հետևանքով բավականին լուրջ լարում առաջացավ Լիբանանի և Իսրայելի բանակների միջև ու հարցը կարող էր հասնել լոկալ բախումների: Իմ հրամանատարության տակ ունեի ֆրանսիական բանակի մայոր և իտալական բանակի կապիտան` երեքով մեզ հաջողվեց բանակների ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների ու հարթել խնդիրն առանց արյունահեղության»,- պատմեց փոխգնդապետ Ա. Զախարյանը:
Գեներալ-մայոր Ա. Սիմոնյանն ընդգծեց` նման պատմությունները եզակի չեն, ու հայկական զորախմբերը բոլոր թեժ կետերում կարողանում են իրականացնել ռեալ աշխատանք` ականազերծում, հակաահաբեկչական գործողություններ և այլն: