24/12/2016 13:32
Իգնատի Առաքելյան. Մշակվել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր
ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը վերլուծել է գյուղոլորտի պետական մասնակցության բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում:
«Հանդիպել եմ բոլոր գնորդ կազմակերպությունների հետ՝ փորձելով ամփոփել իրենց խնդիրները, հաջորդ տարի կատարելագործելու ենք այդ ոլորտները: Սա կլինի ի շահ գյուղացու»,- տարեկան ամփոփւչ ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրեց, որ մշակվել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր:
«Նախարարությունը, սակայն, դեռ վստահ չէ, որ շուկան պատրաստ է դրան, ինչի համար ևս մեխանիզմներ են մշակվում: Կհրավիրենք մրցույթ, որպեսզի համոզված լինենք, թե քանի ընկերություն կա, պարարտանյութի ինչ քանակ կա և ովքեր ինչ են առաջարկում»,-ասաց նա:
Գյուղնախարարը նշեց` խնդիր կա նաև տոհմային երինջների հետ կապված:
«Մենք որոշելու ենք չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբույծների համար: Կհամագործակցենք մասնավորի և տոհմաբույծների հետ: Խիստ վերահսկողություն ու մոնիտորինգ է լինելու»,- ընդգծեց նա: