11/01/2017 11:55
ԱՊՀ-ում ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույք ունեցող երկրներից մեկը Հայաստանն է
Նախորդ տարվա դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրեց 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,25%: ԿԲ խորհուրդը հիմնավորեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման պատճառը՝ նշելով ձևավորված գնանկումային միջավայրը:
Միաժամանակ, Կենտրոնական բանկը արձանագրեց, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ:
Այս անգամ, հայտարարության տեքստում թերևս ամենահետաքրքիրը այն էր, որ, ըստ ԿԲ խորհրդի, տոկոսադրույքները արդեն բավականին նվազել են և ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են և ԿԲ-ն՝ հավատարիմ մնալով գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին, անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Կենտրոնական բանկը 2016 թ-ի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր՝ 2,25%-ով: Իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, ամփոփելով 2016 թվականը, նշել էր, որ բանկային համակարգը 2016 թ-ին ապահովել է վարկերի 15% աճ:
Թե որքանով է վարկերի աճը պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման հետ, դժվար է ասել, սակայն կարող ենք ասել, ոչ այնքան, քանի որ, այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում, առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, թեև որոշակիորեն, սակայն էականորեն չեն նվազել և բավականին բարձր են:
Նշենք, որ նոյեմբերի դրությամբ մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15%, իսկ սեպտեմբերին՝ 17,25%: Այսինքն առևտրային բանկերի համար վարկեր տրամադրելը դեռևս բավականին ռիսկային է, իսկ տնտեսությունը դրանից ամենևին չի շահում: ԿԲ-ն թեև նշում է՝ տնտեսության ակտիվության դանդաղումը պայմանավորված է առաջարկի գործոններով, սակայն պետք է ավելացնել, որ դա էլ իր հերթին պայմանավորված է նաև դրամական զանգվածի սեղմվածությամբ:
Ըստ էության, եթե ԿԲ-ն այսպես, թե այնպես ապահովում է իր առջև դրված խնդիրը՝ գնաճային միջավայրը նպատակային տիրույթում պահպանելու առումով, միաժամանակ իրականացնում է մեղմ դրավավարկային քաղաքականություն՝ տոկոսադրույքների իջեցման միջոցով, այնումենայնիվ, կարող ենք, ասել, որ տնտեսության ակտիվության խթանման վրա այդ քաղաքականությունը դեռևս էականորեն չի ազդում:
Գնաճ, թե˚ տնտեսական ակտիվություն. դիլեման ներկա պահին պետք է թեքված լինի վերջինիս կողմը: Նման խնդիր ներկայումս սուր կերպով դրված է Վրաստանի կառավարության առջև, որտեղ վերջինս նախապատվությունը տալիս տնտեսական աճի խթանմանը՝ ազգային արժույթի արժեզրկման և գնաճի հաշվին:
Թե ինչու˚ է ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված, ինչպես հայտարարել է ԿԲ-ի խորհուրդը, պարզ չէ, սակայն կարծում եմ, որ այն նվազեցնելու տեղ կա, ինչու չէ, մինչև 4,5-5% մակարդակի ռեզերվ ունենք: Սակայն բանկային գործիքակազմի ավելի արդյունավետ ուղիներից մեկը բանկերի համար պարտադիր պահուստավորման նորմատիվի նվազեցումն է, որը տնտեսության մեջ լրացուցիչ քանակի փող կմղի:
ԱՊՀ երկրների ցանկում կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաստատված վերաֆինանսավորման տոկոսադրույքների մակարդակով՝ Հայաստանինը ամենացածրներից մեկն է: Հայաստանի համեմատ ավելի ցածր տոկոսադրույքներ ունեն՝ Ղազախստանը՝ 5,5% և Ղրղզստանը՝ 6%: Մի փոքր բարձր է Վրաստանում՝ 6,5%: Իսկ Ռուսաստանում այն կազմում է՝ 10%, Մոլդովայում՝ 9%, Ուզբեկստանում՝ 9%, Ուկրաինայում՝ 14%, Ադրբեջանում՝ 15% և Բելառուսում՝ 18%: