14/01/2017 13:18
«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանի կյանքին վտանգ է սպառնում
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին իր բեռնատարը տրամադրած «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը բաց նամակ է հղեր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Facebook-ում հրապարակված բաց նամակում փաստաբանն ահազանգում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (հարուցվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու փաստով) մեղադրյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը ծանր է:
Սրտանոթային համակարգի ծանր հիվանդությամբ տառապող 70-ամյա քաղաքացին գտնվում է 12 հոգանոց խցում, որտեղ 24 ժամ կալանավորները ծխում են: ՀՀ քաղաքացու կյանքին իրական վտանգ է սպառնում:
Հաշվի առնելով այն, որ 70-ամյա, սրտանոթային համակարգի ծանր հիվանդությամբ տառապող քաղաքացուն մահացու պայմաններում պահելը անմարդկային է՝ Տիգրան Սարգսյանը խնդրում է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը Գիչյանին չծխողների խուց տեղափոխելու համար:
Փաստաբանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանը անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Խաչատուր Գիչյանը կալանավորվել է հուլիսի 20-ին: Գիչյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով, սակայն նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: