14/01/2017 16:20
Բեյրութ-Լոնդոն օդանավը՝ սրահում ծագած վեճի պատճառով վայրէջք է կատարել Ստամբուլում
Լիբանանյան Middle East Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում ՝ երկու ուղևորների միջև ծագած վեճի պատճառով, փոխանցում է НТВ հեռուստաալիքը։
Կոնֆլիկտը սկսվել է, երբ ուղևորներից մեկը սկսել է վիճել բորտ ուղեկցորդուհու հետ, իսկ երկրորդ ուղևորը պաշտպանել է աղջկան։ Տարեց ուղևորը սկսել է հրել իր ընդդիմախոսին ու բղավել, որ կսպանի բոլորին։
Կռվարարներին ստիպված են եղել իրարից բաժանել մյուս ուղեւորները ու անձնակազմի անդամները, գրում է The Sun–ը։
Միջադեպն իր բջջային հեռախոսով տեսագրել է ուղևորներից մեկը։ Իսկ օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում՝ Ստամբուլում։
Նման մի միջադեպ էլ Turkish Airlines-ի օդանավում էր պատահել։ Ստամբուլ- Մոմբաս չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ խուճապի էր մատնվել ու սկսել էր հարձակվել մյուս ուղևորների վրա։ Սլովենիայի քաղաքացուն ձեռնաշղթա էին հագցրել, որից հետո նա էլի իրեն ադեկվատ չի պահել ու շարունակել է խանգարել մյուսներին։
Չվերթի ուղևորները հրաժարվել են շարունակել թռիչքը, ու օդանավը ստիպված է եղել վերադառնալ Աթաթուրքի օդանավակայան։ Վայրէջք կատարելուց հետո կռվարար ուղևորին հանձնել են ոստիկանություն։ Միջադեպի հետևանքով ծախսված վառելիքի գինը կազմել է մոտ 11 հազար դոլար։