14/01/2017 13:49
Ստորագրված ընտրացուցակների հրապարակումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զեկույցը գնահատում է որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց
Առաջին անգամ Հայաստանի ընտրական համակարգում մինչև չորս տեղ է հատկացվում ամենամեծ ազգային փոքրամասնություններին (եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր): Այդ մասին ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույցում:
Ըստ դրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի Հանձնաժողովի նախնական առաջարկությանը համահունչ՝ ոչ ծանր հանցանքների համար դատապարտված անձինք այլևս զրկված չեն ընտրելու իրավունքից:
«Ընդդիմության և քաղաքացիական հասարակության՝ փաստացի արտասահմանում գտնվող անձանց փոխարեն քվեարկելու հետ կապված լուրջ մտահոգություններին լուծում տալու նպատակով Ընտրական օրենսգրքով նախատեսվել է ստորագրված ընտրացուցակների հրապարակումը՝ ընտրությունների օրվանից հետո։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցների մեծամասնությունը համարել է սա վստահության ամրապնդման կարևոր միջոց և հնարավոր կեղծիքների կանխարգելման գործիք։ Քիչ թվով մտահոգություններ հնչեցին ընտրողների տվյալների գաղտնիության վերաբերյալ», - ասված է զեկույցում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկություններին համապատասխան, թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը սահմանափակվել և հստակեցվել են։
«Դրական զարգացում է այն, որ նոր Ընտրական օրենսգրքով յուրաքանչյուր սեռի քվոտան ընտրական ցուցակներում ավելացվել է 20-ից 25 տոկոսով, պահանջելով, որ ցուցակում ընդգրկված թեկնածուների ամբողջ թվով ցանկացած քառյակում ապահովվի յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը։ Եթե նվազ ներկայացված սեռի թեկնածուն չի ստանձնում մանդատը կամ հրաժարվում է իր մանդատից, այն փոխանցվում է ցուցակի նույն սեռի հաջորդ թեկնածուին», - նշված է զեկույցում: