14/01/2017 13:29
Հայաստանում ընտրական բարեփոխումների գործընթացը եղել է բաց և համապարփակ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զեկույց
Հայաստանում ընտրական բարեփոխումների գործընթացը եղել է բաց և համապարփակ, և փոփոխությունները հավանության են արժանացել իշխող և ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից, ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույցում:
«2016 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը հրապարակել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկու համատեղ եզրակացություն՝ գալով այն եզրահանգման, որ նախկինում կատարած առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել: Նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրողների նույնականացման կատարելագործված համակարգ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական մարմինների անկախությունը խթանող միջոցներ, դիտորդների համար պարտադիր ստուգարքի վերացում և թեկնածուների ցուցակում կանանց քվոտաների բարձրացում: Փոփոխություններով նաև հստակեցվում են նախընտրական քարոզարշավին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը, թեկնածուների գրանցմանը և բողոքներին ու դիմումներին վերաբերող առանցքային դրույթները»,- ասված է զեկույցում:
Ըստ դրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերը մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ նախքան ընտրությունները հանրության վստահության մթնոլորտ ձևավորելու համար:
«Սեպտեմբերի 13-ին իշխող և ընդդիմադիր կուսակցությունները ստորագրել են քաղաքական համաձայնագիր ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պայմանները բարելավելու համար հետագա միջոցառումների մասին… Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նույնպես ներգրավվել են այս բանակցություններում, թեև նրանք չեն ստորագրել վերջնական համաձայնագիրը, քանի որ իրենց՝ որպես քաղաքացի դիտորդների համար նախատեսված սահմանափակումները նվազեցնելու կոչերը հաշվի չեն առնվել»,- նշել են զեկույցի հեղինակները: