14/01/2017 17:01
Ունա՞կ ենք այդ նորմերը իրականություն դարձնել. Խոսրով Հարությունյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, փաստորեն, մեր առջև այնպիսի խնդիր է դնում, որ մենք ունենք անհամեմատ բարելավված ընտրական օրենսգիրք, հիմա ժամանակն է, տեսնել մենք ունա՞կ ենք այդ նորմերը իրականություն դարձնել: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելության զեկույց»-ին, նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորի կարծիքով զեկույցից խոսելուց կարևոր է ընտրական օրենսգրքի էությունը նույնպես շեշտել:
Հարությունյանի խոսքով` ընտրական օրենսգրքի մշակման ողջ ընթացքում երկու հարթությունով ինտենսիվ համագործակցություն էր տեղի ունենում: Առաջինը՝ ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն-քաղաքական մեծամասնություն և երկրորդը, որը նույնպես շատ էական է՝ ընտրական օրենսգրքի հեղինակներ-Վենետիկի հանձնաժողով:
«Այս երկու համագործակցությունը համարյա թե զուգահեռ էր տեղի ունենում և դա շատ օգտակար էր, որովհետև այն պայմանավորվածությունները, որ մենք ձեռք էինք բերում քաղաքական քննարկումների կամ բանակցությունների արդյունքում, դրանց վերաբերյալ իսկույն ստանում էինք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և հակառակը: Սա, կարծում եմ, էական նշանակություն ունեցավ ընտրական օրենսգրքի բարելավման առումով: Ըստ էության, քաղաքական մեծամասնությունը դրսևորեց կառուցողական վարքագիծ», - նշեց նա և հավելեց, որ մենք ունենք ընտրական օրենսգիրք, որը, կարծես, պատասխանում է թե՛ կոնցեպտուալ առումով, թե՛ ընտրական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների առումով, մանրուքների առումով պատասխանում է հանրության պահանջներին ու սպասելիքներին:
Այսօրվա դրությամբ իրավական հենքով ապագա ընտրությունները պետք է լինեն որակապես տարբերվող նախորդ բոլոր ընտրություններից», - նշեց Հարությունյանը և հավելեց, որ հանուն արդարության պետք է նշենք, որ 2005 թ.-ից մինչ օրս ընտրական օրենսգիրքն ու ընտրական գործընթացը անընդհատ կատարելագործվում էր:
«Մեր խնդիրը ընտրական օրենսգրքի տեսքով իրավական տեսք, բովանդակություն ստացած այս կոնցեպտն իրականություն դարձնելն է: Մենք այս քննությունը պետք է հանձնենք, ընդ որում, այդ քննությունը բոլորիս է վերաբերում, թե՛ քաղաքական մեծամասնությանը, թե՛ քաղաքական փոքրամասնությանը, թե՛ քաղաքացիական սեկտորին, թե՛ դիտորդներին, թե՛ վստահված անձանց, թե՛ հանձնաժողովներին, բոլորին», - նշեց նա:
ԺՀՄԻԳ-ի այս զեկույցը նաև հավելյալ ազդակ է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, որ «պետք է ուշադիր լինել, որովհետև դուք կանգնած եք լուրջ պատասխանատվության, քննության առջև»:
«Պատահաբար չէ, որ զեկույցի հեղինակները խոսում են այն մասին, որ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու ընտրողների նույնականացման նոր համակարգի և տեսախցիկների աշխատանքի, ընտրատեղամասերում տեղական դիտորդների ներկայացվածության, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարական, էլեկտրոնային քվեարկության համակարգի վրա և այլն. ամեն մանրուքների էլ ուշադրություն են դարձնելու: Երբեմն մենք սայթաքում ենք մանրուքներում, հետևաբար պետք է ասենք, որ այս խնդրում մանրուք չկա: Այս զեկույցի ենթատեքստը, բովանդակության ազդակը, որ ուղարկում են հայկական քաղաքական դերակատարներին հենց դրանում էլ կայանում է, որ մանրուքներ չկան: Ամեն ինչը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում», - նշեց Հարությունյանը: