14/01/2017 10:58
Պետք է այնքան աշխատել, գնալ յուրաքանչյուր ներդրողի, ծրագրի հետևից՝ մինչև արդյունք ստանանք. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Ծրագրերն ուղղված են եղել մսամթերքի վերամշակման, անվտանգության համակարգերի, մշակաբույսերի, կաթնամթերքի արտադրության, ծառայությունների մատուցման ու զբոսաշրջության ոլորտներին:
Կառավարության ղեկավարը կարևորել է մարզպետարանի ակտիվ և հետևողական աշխատանքը բիզնես հանրության հետ՝ գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով:
«Պետք է այնքան աշխատել, գնալ յուրաքանչյուր ներդրողի, ծրագրի հետևից՝ մինչև արդյունք ստանանք: Համաֆինանսավորվելու է արդյունավետություն, հեռանկար և ներուժ ունեցող ծրագրերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ համագործակցելու և մշտական հետադարձ կապ պահպանելու նպատակով նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր բիզնեսմենի հետ ակտիվ աշխատելու համար: