14/01/2017 12:09
Ստյոպա Սաֆարյանը Բագրատյան-Քոքոբելյան դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկ է ստացել
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դաշինք կազմող կուսակցությունների շրջանում խոսվում է նաև «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքի մասին, որի համամասնական ցուցակում, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, ընդգրկվելու առաջարկ է ստացել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը չհերքեց, որ կուսակցությունների կողմից ունի առաջարկներ, մինչդեռ չցանկացավ մեկնաբանել, թե այս պահին, ստացած առաջարկներից որոնք է քննարկում:
«Ես չեմ հերքի, որ առաջարկներ ստացել եմ, բայց եկեք դեռ չմեկնաբանեմ»,- ասաց քաղաքագետը և ընդգծեց, որ այս պահին քննարկում է ստացած առաջարկներն ու հավանական է կընդգրկվի որևէ կուսակցության համամասնական ցուցակում:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Բագրատյան-Քոքոբելյան դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու շուրջ այս պահին բանակցություններ են տարվում Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի հետ։