14/01/2017 14:07
Արտահանման ծավալների մեծացման համար պետությունը պետք է չսպասի ինչ-որ ներդրողների. Վազգեն Սաֆարյան
Կառավարության վերջին նիստում վարչապետի՝ ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հանձնարարականը ժամանակին էր, անհրաժեշտություն էր: Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, թե արտահանման խթանման քաղաքականությունը պետք է ավելի կոնկրետացվի:
«Մի քանի տարի առաջ մեր արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմում էր մոտավորապես 2.88 միլիարդ դոլար, հիմա դա արդեն իջել է 1.2 միլիորդ դոլարի: Դա կարելի է դրական միտում համարել», - ասաց Վազգեն Սաֆարյանը:
Տնտեսագետը նշեց, թե անցած 16 տարիների ընթացքում Հայաստանը ներմուծել է 44 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, արտահանել՝ է 28.7 միլիարդ դոլարի: Ըստ նրա՝ վերջին 16 տարիներին բացասական հաշվեկշիռը կազմել է 16 միլիարդ դոլար, այնինչ, ներմուծումն ու արտահանումը պետք է գոնե հավասար լինեն:
«Դրա համար, երբ կառավարությունը որոշում է ներմուծման ծավալները փոքրացնել ի հաշիվ տեղական արտադրության ապրանքների, սա պետք է գնահատել որպես դրական քայլ:
Սաֆարյանի կարծիքով, հատկապես գյուղատնտեսության նախարարությանն է հանձնարարվել ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ, որովհետև արտահանման ծավալների մեջ մեծ տոկոս են կազմում գյուղատնտեսական մթերքները:
«Կառավարությունը քայլեր կատարում է, օրինակ, ջերմոցային տնտեսություններին արտոնություններ են տրվում, որպեսզի նրանք կարողանան շրջանառու միջոցները զարգացնել: Թեև այսօր շեշտադրումը գյուղատնտեսության վրա է, բայց դա չի նշանակում, որ մենք արդյունաբերության ուղղությամբ քայլեր չենք կատարում» ,- նշեց Վազգեն Սաֆարյանը:
Որպեսզի արտահանման մի շարք ուղղություններ ակտիվանան, պետք է պետություն - մասնավոր գործընկերություն գործառույթն ակտիվացվի.
«Սա պետք է լոզունգից դառնա գործողություն: Դրա համար պետությունը պետք է միջոցներ ներդնի և չսպասի, թե ինչ-որ մի ներդրող գա: Այն ուղղությունները, որոնց արտադրության կազմակերպումը կարող է լինել արդյունավետ և ներդրած միջոցների արագ հետ վերադարձնող, դրանց համար պետությունը պետք է միջոցներ հայթայթի, ռեսուրսներ բերի: Դա կնպաստի մեր արտահանման ծավալների մեծացմանը», - ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:
Տնտեսագետը նաև համոզմունք հայտնեց, թե պետք է նաև քիմիայի արդյունաբերությունը մեծացնել. «Պետք է վերցնել միջազգային վարկեր, մեր արտադրությունները վերակազմակերպել, վերակառուցել, և դրանք շատ արագ կերպով կարող են ներդրած գումարները ետ վերադարձնել»:
Իսկ այս ամենը ճիշտ կազմակերպելու համար, ըստ Սաֆարյանի, կառավարությունը պետք է ունենա արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն: