14/01/2017 12:44
Օբաման ուժի մեջ է թողել Իրանի նկատմամբ սահմանած որոշ պատժամիջոցներ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է պահպանել Իրանի նկատմամբ սահմանած մի շարք պատժամիջոցներ, հայտնում է ТАСС-ը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Օբամայի վարչակազմի հրապարակած փաստաթղթերում նշվում է, որ չնայած Թեհրանը հետևում է 2015 թվականին Վիեննայում կնքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին, սակայն Իրանի այլ գործողություններ «դեռ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»։
ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ 2016 թվականի հունվարի 16-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ պլանին հետևելը։ Դա էլ առիթ դարձավ Իրանի նկատմամբ ամերիկյան մի շարք պատժամիջոցների չեղարկման համար, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից միջուկային մշակումների առնչությամբ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Օբաման, ԱՄՆ-ն չի պատրաստվում համակերպվել Իրանի բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրին, երկրում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված իրավիճակին։