14/01/2017 13:32
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զեկույցը դրական է գնահատել Հայաստանում ընտրական բարեփոխումների իրականացումը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելությունը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույց է հրապարակել, որում կարևորել է, որ Հայաստանում ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների և լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձևավորելուն: Նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին և նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին և դիմումներին, ինչպես նաև քարոզչությանը և նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը», - ասված է զեկույցում:
Ըստ փաստաթղթի, ոստիկանությունը վարում է ընտրողների համազգային էլեկտրոնային գրանցամատյան:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից որևէ մեկը մտահոգություն չի հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության առնչությամբ: Ընտրության օրն առաջին անգամ բոլոր ընտրողների մատնահետքերը և նույնականացման քարտերը կսկանավորվեն և կպահվեն էլեկտրոնային եղանակով՝ որպես հնարավոր բազմակի քվեարկությունը կանխելու միջոց», - նշված է զեկույցում:
«Փաստացի արտերկրում գտնվող ընտրողների փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու հնարավոր դեպքերի առնչությամբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս հնչեցված մտահոգությունները վերացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով ներկայումս նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերն այն համարում են վստահության մթնոլորտ ձևավորող միջոց և հնարավոր խարդախությունը կանխելու գործիք: Ընտրական վեճերը լուծելու համար սահմանված նոր ժամկետները ողջամիտ են: Քաղաքացի (տեղական) դիտորդների համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և ստուգարք անցկացնելու մասին դրույթը հանվել է՝ արձագանքելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին առաջարկություններին», - ասված է զեկույցում: