15/01/2017 13:31
Պռոբլեմը նրանում է եղել, որ չեմ կարողացել «մասկա» հագնեմ ու ֆռֆռամ. Յուրա Մովսիսյանն առաջին անգամ խոսել է հավաքականից հեռանալու մասին
Ինձ ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, թե ես ինչ եմ արել մեր հավաքականի, մեր ֆուտբոլի համար, «Բարի լույս, հայեր» հաղորդման ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն՝ անդրադառնալով հավաքականից իր հեռանալուն:
«Եթե ինչ-որ մեկը կա, որ դեռ չգիտի կամ չի հավատում, դա արդեն իր անձնական պռոբլեմն է, քանի որ ես ասելու բան չունեմ, բոլորն էլ տեղյակ են, ամեն ինչն էլ բոլորը լավ գիտեն», - նշել է նա:
Յուրա Մովսիսյանն ասել է, որ իր համար շատ կարևոր է եղել երկրպագուների աջակցությունը. «Բոլորը տեսան, թե ինչ ձևի աջակցություն էր, քանի որ մարդիկ գիտեն, որ ես միշտ էլ պարզ եմ եղել, իմ դեմքին կյանքում «մասկա» չի եղել, ուրիշ դեր չեմ խաղացել, գուցե հենց դրա մեջ է պռոբլեմը եղել, որ ես միշտ պարզ եմ եղել ու բոլորն էլ իմ անելիքները լավ են իմացել, լավ տեսել են: Պռոբլեմը դրանում է եղել, որ չեմ կարողացել «մասկա» հագնեմ ու ֆռֆռամ», - ասել է նա:
Մովսիսյանն ընդգծել է՝ չնայած այդ ամենին, ինքը շարունակում է հետևել հավաքականի խաղերին:
«Ես նայում, հետևում եմ խաղերին, կապի մեջ եմ որոշ տղերքի հետ», - ասաց նա։
Հարցին՝ փակված է արդյոք էջը՝ կապված Հայաստանի հավաքականի հետ, Մովսիսյանը պատասխանել է. «Դժվար հարց է, չգիտեմ, կարող է շուտով փակված լինել, որովհետև ես այն ֆուտբոլիստներից չեմ, որ նստեմ սպասեմ, թե երբ են զանգելու ինձ»: