16/01/2017 11:46
Փայլանն իրեն բավական լուրջ վտանգի տակ է դնում. Լևոն Հովսեփյան
Ներկայիս Թուրքիայում իշխանությունների համար որևէ կաշկանդող բան չկա, որպեսզի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի նկատմամբ կիրառեն ինչ-որ գործողություններ, հաշվեհարդար տեսնեն:
Aysor.am-ի հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանն ասաց, թե Փայլանն իր գործունեությամբ ցույց է տվել, որ վճռական է:
«Հիշենք նաև նրա նախորդ ելույթները, որոնք իրեն հարվածի տակ դրեցին: Թուրքիայում, բավական վտանգավոր իրավիճակում, երբ բավական լուրջ հաշվեհարդար է գնում քաղաքական ընդդիմադիրների, մասնավորապես, այն կուսակցության նկատմամբ, որը ներկայացնում է Կարո Փայլանը, սրան պետք է գումարել նաև հայկական գործոնը: Հետևաբար, սրանով նաև Փայլանն իրեն բավական լուրջ վտանգի տակ է դնում», - ասաց Լևոն Հովսեփյանը:
Ըստ թուրքագետի՝ ակնհայտ է, որ ներկայիս Թուրքիայում իշխանությունների համար որևէ կաշկանդող բան չկա, որ ուղղակի հաշվեհարդար տեսնեն Փայլանի նկատմամբ:
«Այնպես որ, չի բացառվում, որ Փայլանի նկատմամբ էլ ինչ-որ գործողություններ կիրառվեն, այն նույն տրամաբանության մեջ, ինչ կիրառվում է իր ներկայացրած Ժողովրդադեմոկրատական կուսակցության դեմ», - ընդգծեց Լ. Հովսեփյանը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Այդ հայտարարության համար որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից: