16/01/2017 14:07
Միջին օղակները հաճախ չեզոքացնում են վարչապետների առաջարկած դրական միտումները. Թաթուլ Մանասերյան
Հայաստանն իր տնտեսական մեծ ներուժը չի օգտագործում, այսօր ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Բնավ չի օգտագործվում այն պոտենցիալն, որն ունի Հայաստանի տնտեսությունը: Շատ մտահոգիչ է այն, որ չնայած կառավարության փոփոխությանը, ամենուր տեղ չեն հասել գործելաոճի փոփոխությունները: Սա լրջագույն խնդիր է», - լրագրողների հետ հանդիպմանն նշեց տնտեսագետը:
Նա նաև ընդգծեց, որ պետք է այլ չինովնիկները, ՀՀ վարչապետի օրինակով, պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն հանրությանը:
«Ես կհորդորեի, որ կառավարության անդամները գոնե եռամսյակը մեկ անգամ ներկայանային հանրությանը իրենց արած գործերով, արդյունքերով, հատկապես մատնանշելով, թե ինչ դրական տեղաշարժեր են կատարել իրենց պատկան մարմինները», - ասաց Թ. Մանասերյանը:
Նա նաև հատուկ անդրադարձավ կառավարության միջին օղակներին, որոնք, ըստ տնտեսագետի, հաճախ խոչընդոտել են վերին օղակների աշխատանքը:
«Քիչ չեն դեպքերը, երբ ոչ միայն ներկայիս, այլև նախկին վարչապետի հռչակած հայտարարությունները գոնե ժամանակին չեն կատարվել, քանի որ միջին օղակներում նստած են մարդիկ, ովքեր հաջողությամբ չեզոքացրել են այդ դրական միտումները: Սա շարունակում է և այսօր: Եվ կարծում եմ՝ այդ բալաստից պետք է ազատվել», - նշեց Թ. Մանասերյանը:
Նաև հավելեց, որ ԾԻԳ-երի կրճատումը համարում է անփույթ արված, քանի որ դրանով չի լուծվել սոցիալական խնդիրը, իսկ իրենց պաշտոններում մնացել են չինովնիկներ, որոնք իրենց աշխատավարձը չեն վաստակել: Բացի այդ, ավելացրեց, որ «կան 1-2 նախարարություններ, որոնց գործունեությունը բացարձակ իմաստազուրկ է»: