16/01/2017 14:53
Հայաստանյան բանկերի նկատմամբ արտասահմանում որոշակի վստահություն է ձևավորվել. Թաթուլ Մանասերյան
2016 թվականին Հայաստանում ֆինանսական հատվածը եղել է կայուն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Ֆինանսական հատվածը Հայաստանում 2016 թվականին բավական հավասարակշված է եղել, կայունություն է ցուցաբերել: Ազգային արժույթի հետագիծը եղել է կանխատեսելի և կայուն: Եվ եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա հետխորհրդային երկրներից, թերևս, միակ երկիրն է, որ երկրորդ տարին և´ դրամավարկային քաղաքակնության, և´ ազգային արժույթի կայունության առումով դրականորեն առանձնանում է», - նշեց տնտեսագետը:
Վերջինս նաև հատուկ ընդգծեց, որ Հայաստանում կապիտալ համալրող արժեթղթերի թողարկման մշակույթ է ձևավորվել:
«Բանկերի թողարկած արժեթղթերը համալրեցին նաև կապիտալի չբավարարող մասը: Սա նոր երևույթ է: Անգամ՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը բաժնետեր է հայաստանյան առնվազն երկու բանկերում, և ոչ միայն այդ կառույցը, այլ նաև ուրիշ կառույցներ հետաքրքրություն են ցուցաբերել, և արժեթղթերը տեղաբաշխվել են», - ասաց Թ. Մանասերյանը:
Նա նաև հավելեց, որ դա խոսում է այն մասին, որ ոչ միայն ներքին շուկայում, այլև երկրից դուրս որոշակի վստահություն է ձևավորվել հայաստանյան բանկերի նկատմամբ: