16/01/2017 14:19
Առայժմ Իրանի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի շատ քաղաքական, քան տնտեսական հարց է. Իվան Անիսիմով
Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո՝ տարածաշրջանի երկրների հետաքրքրությունը Իրանի նկատմամբ բարձրացել է: Այս պահին ակտիվորեն քննարկվում է Իրանի անդամակցության հարցը ԵՏՄ-ին, որում ՀՀ-ն կարող է մեծ դեր խաղալ: Իրանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Ռուսաստանի ռեգիոնալ բանկերի ասոցիացիայի տեղեկատվական քաղաքականության խորհրդի անդամ, ֆինանսական ոլորտի փորձագետ Իվան Անիսիմովի հետ:
- Պարոն Անիսիմով, մոտ ապագայում հավանական եք համարո՞ւմ Իրանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
- Իրանի անդամակացությունը ԵՏՄ-ին աշխարհաքաղաքական հարց է: Տնտեսական առումով պարզ է, որ Իրանը Մերձավոր Արևելքի առաջատար խաղացողներից է և ակնհայտ է, որ այն ավելի ու ավելի լուրջ ստրատեգիական գործընկեր է դառնում ՌԴ-ի համար: Հենց միայն այդ տեսանկյունից ԵՏՄ-ին Իրանի անդամակցության պոտենցիալը բավականին մեծ է: Կարևոր է հասկանալ, որ այսօր ԵՏՄ անդամ երկրները միավորված են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կապերով: Եկեք օբյեկտիվ լինենք, 1990-ականներին արվում էր ամեն ինչ Հայաստանը մեզանից բաժանելու համար, մինչդեռ նման բան տեղի չունեցավ: Այսօր Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսերեն, իհարկե, նույնը Ռուսաստանի մասին չես ասի, բայց մեզ ավելի խորը բաներ են կապում, քան պարզապես տնտեսությունը: Իրանի մասին նույնը չես ասի:
-Ի՞նչ է անհրաժեշտ Իրանին միությանն ինտեգրվելու համար:
- Իրանի հետ ինտեգրացիոն գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Իրանի հետ մշակվեն ԵՏՄ-ին համապատասխանող տնտեսական մեխանիզմերը: Օրինակ՝ ես չեմ պատկերացնում Իրանի և ԵՏՄ անդամ երկրների բանկային համակարգերի միավորումը, դրա համար էլ կարծում եմ, որ առայժմ Իրանի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի շատ քաղաքական, քան տնտեսական հարց է:
- Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը կարող է կապող օղակ լինել Իրանի և ԵՏՄ անդամ երկրների միջև: Հավանական եք համարում, որ Հայաստանը մեծ դերակատարում կունենա Իրանի ինտեգրմանը ԵՏՄ-ին:
- Այո, ես դա հավանական եմ համարում: Գիտեք, ես ճիշտ չեմ համարում այն, որ Հայաստանի կողմից հնչում են տեսակետներ, որ Հայաստանը փոքր երկիր է, ունի փոքր տնտեսություն ու շուկա, չունի սահմաններ և այլն: Այս հարցերն ինձ համար այդքան էլ կոռեկտ չեն, որովհետև կարևոր չէ, թե դու ինչ չափեր ունես, ում հետ սահման ունես, կարևոր է, թե դու ինչ պոտենցիալ ունես, իսկ, իմ կարծիքով, ՀՀ-ն շատ մեծ պոտենցիալ ունի: Հենց սա էլ թույլ է տալիս Հայաստանին լինել լուրջ խաղացող, և այն կարող է մեծ դեր խաղալ Մերձավոր Արևելքի հետ հարաբերություններում: Ռուսաստանի չափերը մեծ են, մինչդեռ եթե մեծ երկիր է, դա չի նշանակում, որ պետք է դոմինանտ լինի: Այնպես որ, եթե հիմա տնտեսական առումով ՀՀ-ն լավ վիճակում չէ, դա չի նշանակում, որ այն պոտենցիալ չունի, պարզապես պետք է հասկանալ, թե որտեղ օգտագործել այդ պոտենցիալը: