16/01/2017 15:52
Իրանը սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու վերաբերյալ 4 առաջարկ է ներկայացրել
Իրանը սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանի «Արտաքին քաղաքականության հետազոտություններ» հանդեսին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի շուրջ ընթացող զարգացումներին և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված Իրանի ջանքերին, տեղեկացրել է, որ Իրանը սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու վերաբերյալ 4 առաջարկ է ներկայացրել. այն է՝ անհապաղ հաստատել հրադադար, անցկացնել բարեփոխումներ, պետության ներսում իրականացնել երկխոսության և անցկացնել ընտրություններ:
Շարունակելով խոսքը՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հավելել է. «Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցում է ԻԻՀ արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկված ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Հետևաբար, Սիրիայի կառավարությունը որքան կարիք ունենա, Իրանը Սիրիայի թիկունքում կանգնած կլինի:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ էլ վաղն Իրան կայցելի Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը, որն ի թիվս իրանցի այլ պաշտոնյաների, հանդիպում կունենա նաև Ալի Շամխանիի հետ: