16/01/2017 17:21
Կրեմլում չեն հաստատել Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին լուրը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել Աստանայում Սիրիայի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը, փոխանցում է ТАСС-ը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում հաստատում են արդյոք Աստանայի հարթակում Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը, Պեսկովն ասել է՝ «Ոչ»:
Նա հավելել է, թե «ոչինչ չի ասի կոնկրետ առաջարկության մասին»:
«Աստանան նախապատրաստվում է, հանդիպումը նախապատրաստվում է, դա, բնավ, դյուրին գործընթաց չէ: Այն իրենով չի փոխարինում մյուս ձևաչափերին, այդ թվում՝ Ժնևի գործընթացին, դրանք ավելի շուտ փոխլրացնող մասեր են: Սա այն ամենն է, ինչ ես կասեի այս փուլում»,-նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել է, թե Մոսկվայի հետ պայմանավորվել է Ղազախստանի մայրաքաղաք սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը ԱՄՆ-ին հրավիրելու շուրջ, բայց Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: