16/01/2017 13:09
Վիճակը ծանր է և պետք է որոշել՝ արժե արդյոք Հալեպի հայկական գաղութը պահպանել այնպես, ինչպես կար. Գևորգ Յազըճյան
Թեև տարեվերջին արևելյան Հալեպի հարցը ռազմական լուծում գտավ, սակայն դա չի նշանակում, որ պատերազմն ավարտված է. լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը:
«Աստանայում շուտով բանակցություններ են սկսելու, այնտեղ տարբեր խաղացողներ կան, որոնցից մեկին՝ քրդերին, Թուրքիայի պահանջով արդեն հասցրել են դուրս դնել բանակցությունների սեղանից: Սակայն այսօր անհնար է Սիրիայում քրդական գործոնն արհամարհել, որովհետև նրանք գետնի վրա ուժ ունեն», - ասաց Գ. Յազըճյանը:
Ինչ վերաբերում է հայությանը, պատմաբանն ասաց, թե վիճակը ծանր է և պետք է որոշել՝ արժե արդյոք Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Հալեպի հայկական գաղութը պահպանել այնպես, ինչպես կար:
«Պետք է որոշենք, արժե այդքան ջանքեր թափել, տասնյակ միլիոնավոր ծախսեր անել, երբ դեռ հստակ չէ, այդ երկրներն ինչ են մեզ համար, հյուրընկալ երկրնե՞ր են, թե՞ հայրենիք: Այդ քարոզչությունն, ի դեպ, անում է Արամ 1-ին կաթողիկոսը: Մարդկանց մեծ մասը ճամպրուկային տրամադրության մեջ է: Պետք է լինի համահայկական լուծում, որն, առանձնապես չեմ տեսնում: Կարկատաններ են, ամեն մի կառույց իր կողմից առաջարկություններ է անում, ծրագրեր է ներկայացնում, բայց մենք չենք որոշել հիմնական հարցը՝ պետք է մնանք այդ երկրներում, թե՝ ոչ», - հայտարարեց Գևորգ Յազըճյանը:
Պատմաբանը միևնույն ժամանակ հավելեց, թե նաև անհասկանալի է, թե ինչու պետք է մնալ այդ երկրներում, հատկապես այն պարագայում, երբ շատ վտանգներ դեռևս շարունակում են գոյություն ունենալ: