16/01/2017 12:25
ՍԱՊԾ-ն «Ալեքս գրիգ» ընկերությունում ստուգումներ է իրականացնում
Հետտոնական օրերին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիմնականում կաթնամթերիք հետ կապված խախտումներ է արձանագրել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
«Խախտումներ արձանագրվել են ինչպես մեծ ցանցային խանութներում, այնպես էլ բակային խանութներում, բայց մի բան միանշանակ կարող եմ ասել, որ կայացած մեծ առևտրի կետերում հսկողությունն իրականացվում է ավելի պատշաճ՝ հենց առևտրի կազմակերպիչների կողմից, քան բակային փոքր խանութներում», - ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե «Երևան սիթիի» առաջին հարկում ժամկետնանց սնունդները տանում են, պիտակները փոխում են ու նորից վաճառքի հանում՝ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ «Ալեքս գրիգ» ընկերությունում այս պահին ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում:
«Ստուգումները սկսվել են դեկտեմբերից ու դեռևս շարունակվում են, բայց մենք նման փաստ չունենք արձանագրված, որ պիտանելության ժամկետի փոփոխություններ են իրականացվում, եթե նման փաստեր լինեն, խնդրում եմ, տրամադրեք ծառայությանը», - ասաց նա:
Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետը նշեց, որ ստուգումներն «Ալեքս գրիգում» իրականացվում են ոչ թե ահազանգերի հիման վրա, այլ՝ հենց ընկերության առաջարկով: