16/01/2017 10:45
Կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը. Վիգեն Սարգսյան
Բանակին մատակարարումների գործընթացը կատարելագործելու համար ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է համապատասխան ընթացակարգերի կիրառումը, որոնց արդյունքում գողանալը կամ բանակի հաշվին հարստանալը կդառնա անհնար:
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից բացահայտված չարաշահումներից հետո հետևություններ են արվել, բանակին մատակարարումներ անող ընկերությունների հետ աշխատանքը դարձել է ավելի բաց ու թափանցիկ:
«Մենք շահագրգիռ ենք բոլոր ապրանքատեսակները հնարավորինս ցածր գնով, բայց բարձր որակով ստանալու հեռանկարով: Մենք շարունակելու ենք այդ քայլերը: Կարծում եմ՝ այն գործարարները, որոնք բանակի հետ աշխատում են, արդեն զգացել են այդ քաղաքականության ազդեցությունը: Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք սրտի, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը», - ասել է նախարարը:
Նա կարևորել է մատակարարումների գործընթացում այնպիսի ընթացակարգերի կիրառումը, որոնց շնորհիվ չարաշահումները անհնարին կդառնան: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, շարունակվում են խախտումներ կատարած գործարարներին ու չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բացահայտվելու և պատժվելու են բոլոր նրանք, ովքեր ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին:
«Մենք շարունակելու ենք հատ առ հատ բացահայտել ու պատժել այն գործարարներին, որոնք ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել զինված ուժերին: Մենք հատ առ հատ բացահայտելու ենք և պատժելու ենք այն չինովնիկներին, որոնք փորձել են հարստանալ բանակի մատակարարումների հաշվին: Միևնույն ժամանակ պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետև քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք և պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարևոր է ձևակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար», - ամփոփել է Վ. Սարգսյանը: