17/01/2017 17:26
Եվրախորհրդարանի նախագահի ընտրությունների առաջին փուլում հաղթող չի գրանցվել
Եվրախորհրդարանի նախագահի ընտրությունների առաջին փուլի ընթացքում, որն անցկացվում էր Ստրասբուրգում լիագումար նիստի ընթացքում, հաղթող չի եղել: Այդ մասին հայտարարել է նախագահի պաշտոնից հեռացող Մարտին Շուլցը՝ ձայների հաշվարկի ավարտից հետո, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրորդ փուլով քվեարկությունը նախանշված է տեղական ժամանակով 15:00-ին:
Ինչպես հայտնել է Շուլցը, ձայների մեծ մասը հավաքել են Եվրամիությունում առաջատար քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ իտալացի Անտոնիո Տայանին և նրա հայրենակիցը՝ ազդեցությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցության՝ սոցիալիստների ղեկավար Ջանի Պիտելան:
Տայանիի օգտին քվեարկել է 274 պատգամավոր, Պիտելայի օգտին՝ 183: Երկրորդ փուլ է անցել նաև 4 այլ թեկնածու:
Շուլցը նոյեմբերին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռանալու և 2017 թվականի աշնանը բունդեսթագի ընտրություններին Գերմանիայի Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա երկրամասում սոցիալ-դեմոկրատների նախընտրական ցանկը գլխավորելու որոշման մասին:
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին ի սկզբանե հավակնում էր 7 պատգամավոր: