17/01/2017 14:45
ՀԺԿ-ում դեռ չեն որոշել՝ ում հետ կամ ինչպես են մասնակցելու ընտրություններին
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական ուժի հետ բանակցություններ չի վարում:
ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր անձնական կարծիքով, ընտրություններին միայնակ մասնակցելը ճիշտ չէ:
«Ավելի ճիշտ է համախմբված, դաշինքային մոտեցումը: Թե ինչպես կլինի, ում հետ կլինի, այդ հարցերը դեռևս չեն քննարկվել կուսակցությունում», - ասաց Գրիգոր Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի հետ հարաբերություններին, ՀԺԿ փոխնախագահն ասաց, թե մինչ հիմա ՀԱԿ-ի հետ «դաշնակցային հարաբերությունների» մեջ են:
«Եվ այսօր Հայ ազգային կոնգրեսը կամ մենք չենք հայտարարել, որ դաշինքային հարաբերությունները կասեցվել են: Այսինքն, մենք այսօր գործընկերներ ենք, բայց կոնկրետ ընտրությունների հետ կապված քննարկումներ չեն եղել», - նշեց Գրիգոր Հարությունյանը:
Դիտարկմանը, թե քիչ ժամանակ է մնացել ընտրություններին մասնակից կուսակցությունների հայտերի ներկայացմանը, ՀԺԿ փոխնախագահն արձագանքեց. «Ճիշտ է, ժամանակը քիչ է, բայց և քիչ չէ»: