17/01/2017 10:12
Քաղաքական դաշինք ձևավորելու իմ քննարկումները վերջին փուլում են. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է խորհրդակցությունները տարբեր օղակների հետ` քաղաքական դաշինքի ձևավորման նպատակով, այս մասին գործիչը գրել է Facebook-ի իր էջում:
«Շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ:
Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու:
Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը:
Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»,- գրել է Սեյրան Օհանյանը: