17/01/2017 14:21
Ինչ է արել Սփյուռքի նախարարությունը 2016 թվականին
ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել:
2016թ. գերակա խնդիրները եղել են երեքը, որոնց ուղղությամբ կատարվել է բոլոր նախատեսված ծրագրերը:
1. Հայրենիք վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում սիրիահայերի` հասարակությանն ինտեգրման գործընթացի և կառուցակարգերի կատարելագործում
Շարունակվել է Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրումը` կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման և այլ հարցերի լուծման միջոցով: Մշակվել և կատարելագործվել են համագործակցության մեխանիզմները` գործում է միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբը, արագ արձագանքման խումբը և թեժ գիծը: Հիմնախնդիրներին լուծումներ տալու համար ստեղծվել են աշխատանքի տեղավորման, կրթական, առուղջապահական, բնակարանների հիմնախնդիրներով զբաղվող 4 աշխատանքային խմբեր` նախարարության, ՄԱԿ-ի փախստականների երևանյան գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրականացվել են տասնյակ ձեռնարկներ, հանդիպումներ, քննարկումներ, ապահովվել է հետադարձ կապ, մասնավորապես.
ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած 5 բարեգործական ցուցահանդես-տոնավաճառներ:
Կազմակերպվել է շուրջ 200 սիրիահայ երեխաների ամառային հագիստը Հայաստանի տարբեր ճամբարներում:
Սիրիահայ գործարարները մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, նրանց համար կազմակերպվել են բիզնես դասընթացներ, հանդիպում ՀՀ վարչապետի հետ:
ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ փոխհատուցվել է ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 436 սիրիահայ ուսանողների 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարների 70 տոկոսը:
Տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8 նիստ, ուր քննարկվել և լուծումներ են ստացել ավելի քան 30 հարցեր:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 30տ. բեռ 2 ռուսական օդանավով տեղափոխվել է Սիրիա:
Բարերարների օժանդակությամբ աջակցություն է ցուցաբերվում Հալեպի որբանոցին և ծերանոցին:
Շարունակվել են (հատկապես ԱՄՆ-ում) դրամահավաքները և դրանք ուղղվել են Սիրիայի դպրոցների գործունեության ապահովմանը, ինչպես նաև Հայաստանում 600-ից ավելի մարդկանց բնակվարձի հատուցմանը:
Այլ պետություններում հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստում
Այս հիմնախնդիրը, իրոք, մարտահրավեր է Սփյուռքի, հատկապես երիտասարդների, համար:
Ավանդական դարձած «Արի տուն» ծրագրի մասնակիցների համար անցկացվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: 2016 թվականին ծրագրին մասնակցել են շուրջ 900 պատանիներ ու աղջիկներ՝ 38 երկրից:
«Սփյուռք» ամառային դպրոց-2016» ծրագրում շարունակվել են հայոց լեզվի արագացված դասընթացներն, որոնց մասնակցել է 99 սփյուռքահայ 12 երկրից:
Շարունակվել են «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հեռուստադասերը Հ1 հեռուստաընկերության արբանյակային հեռարձակմամբ:
Ամեն տարի շուրջ 50 ուսուցիչներ վերապատրաստվում են Հայաստանում:
Իրականացվել են հայերենի ուսուցման ժամանակակից հեռավար համացանցային ծրագրեր` էլեկտրոնային գրադարան – www.lib.mindiaspora.am և «Արևելահայերեն-արևմտահայերեն և հակառակը» փոխվերծանող ծրագիրը – www.translator.am: Գործում է նախարարության էլեկտրոնային գրադարանը և թանգարանը:
Մայրենի լեզվի հեռավար ուսուցման ՀԲԸՄ AVC վիրտուալ համալսարանի ուսուցման մասին տեղեկատվությունը տարածվել է Սփյուռքի հայ համայնքներում: Նախարարության ծրագրերի մասնակիցների համար կազմակերպվել են AVC-ի շնորհանդեսներ և շրջայցեր:
Կազմակերպվել են գիտական քննարկումներ արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման, դրանց անաղարտության, հայոց լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծման ուղղությամբ:
Համայնքներում կրթական և մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը նպաստում, այդ թվում`
– ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ծրագրերի իրականացում
– «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի ընդլայնում
– ՀՀ տնտեսության մեջ ներդրումային ծրագրերի մասին սփյուռքի տեղեկատվության մակարդակի բարձրացում
Հայկական սփյուռքում ամբողջ տարվա ընթացքում կազմակերպված ծրագրերի գերակշիռ մասը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին:
«Սփյուռք» ամառային դպրոց» 2016թ. ծրագրով 5 ուղղություններով իրականացվել են դասընթացներ. հայոց լեզվի արագացված ուսուցում, ուսուցիչների վերապատրաստում, երգի, պարի ղեկավարների վերապատրաստում, երիտասարդ առաջնորդների դասընթաց և համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստում և լրագրողների վերապատրաստում, որոնց մասնակցել են 172 սփյուռքահայեր աշխարհի 30 երկրից: Ստեղծվել է «Սփյուռք» ամառային դպրոցի www.dss.am կայքը:
Ռուսաստանում (ք. Կրասնոդար) կազմակերպվել է «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները ՌԴ հայ համայնքներում» տարածաշրջանային գիտագործնական համաժողով:
Նախարարության կողմից ավելի քան 40 երկրի մոտ 200 սփյուռքյան կրթօջախների առաքվել են մոտ 50.000 կտոր դասագրքեր ու ուսումնաօժանդակ նյութեր:
Աշխատանքներ են տարվել ՀՀ-ում ներդրումային ծրագրերի փաթեթների հավաքագրման ուղղությամբ: Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի 1.3 «Սփյուռք» բաժնի 1-ին կետի ձևավորվել է «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույցի աշխատանքային խումբ:
Կազմակերպվել է «Ստեղծենք միասին Հայաստանի համար» խորագրով աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողների հավաք:
«Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնը նույնպես նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնը տեղի է ունեցել հետևյալ ուղղություններով` «Պարարվեստի օրեր», «Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում», «Երգչախմբային արվեստի օրեր», «Դոււդուկի և այլ նվագարանների փառատոն» և «Հայ երգի օր»: Իրականացված 5 միջոցառումներին մասնակցել է շուրջ 2000 հոգի` 23 երկրից:
Ձեռնարկված ծրագրերը մեծապես օգնել են ՀՀ-ում տուրիզմի զարգացմանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, համահայկական և տեղի համայնքային կառույցների հետ կազմակերպել կամ աջակցել է Սփյուռքի բոլոր համայնքներում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված 100-ավոր միջոցառումների իրականացմանը:
2016թ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ՀՀ կառավարության որոշումների բոլոր 3 նախագծերը ժամանակին ներկայացվել են ՀՀ կառավարություն:
Բոլոր հանձնարարություններն ու առաջադրանքները կատարվել են ժամանակին: