17/01/2017 12:32
Քերի. Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելը կարող է բերել հակամարտության
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարումը կարող է բերել հակամարտության և խախտել մերձավորարևելյան տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգությունը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, նման կարծիք է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի լիազորությունների ժամկետը լրանում է մի քանի օրից:
«Կարծում եմ՝ ասել, թե մենք կարող ենք հրաժարվել այդ համաձայնագրից, նշանակում է առճակատման ու հակամարտության առիթ տալ»,- նշել է Քերին և հավելել, որ համաձայնագիրը «տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, քանի որ այն սահմանափակել է միջուկային զենք ստանալու Իրանի հնարավորությունները»:
Ընտրարշավի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը համարում է «ԱՄՆ-ի խայտառակությունը» և Սպիտակ տան ղեկավար իր ընտրվելու դեպքում կվերանայի այն: