17/01/2017 16:22
Հայ համայնքը յուրօրինակ կապող կամուրջ է Հայաստանի և Բուլղարիայի միջև. Հայաստանում Բուլղարիայի դեսպան
Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը փաստել է, որ հաճելի է հայ ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոնում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին ընդունելը: Վեհափառ Հայրապետը հավելել է, որ դեռևս միջնադարից սկսյալ հայ և բուլղար ժողովուրդների միջև հարաբերությունները մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, բարեկամական և գործակցային հարաբերություններով:
Այնուհետև խոսք է ասել նորանշանակ դեսպանը: Տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևան անդրադարձել է Բուլղարիայում հայ համայնքի կյանքին, հայորդիների ակտիվ ներգրավվածությանը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում:
Դեսպանն ընդգծել է, որ հայ համայնքը յուրօրինակ կապող կամուրջ է Հայաստանի և Բուլղարիայի միջև: Վերջինս վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում պիտի անի ամենը` նպաստելու երկու երկրների գործակցության և փոխհարաբերությունների առավել զորացմանը:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտել է, որ բուլղարական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ Բուլղարիայի տարբեր քաղաքներում ձևավորված հայկական համայնքները շարունակում են ապրել իրենց ազգային և հոգևոր կյանքով: Հայոց Հովվապետն ի մասնավորի ընդգծել է, որ այդ հոգածությունը հայ ժողովրդի զավակների` Բուլղարիայի կյանքում ունեցած ազնիվ վաստակի գնահատանքն է:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է իր Հովվապետական այցը Բուլղարիա, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Բուլղար Ուղղափառ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով դեսպանին մաղթել է բարի առաքելություն և արդյունավետ ծառայություն: