17/01/2017 10:56
100 օր. Ի՞նչ է արվել զբոսաշրջության զարգացման համար
Վարչապետ Կարեն Կարապետյանը գնահատել է իր պաշտոնավարման 100 օրը, որը բացի մամուլի ասուլիսին հնչած ամփոփող ելույթից և լրագրողների հետ հարցուպատասխանից, նաև լրացուցիչ 99 էջանոց փաստաթղթով և 35 էջանոց Power Point ծրագրով կառավարության կատարած քայլերն է ներկայացել հանրության դատին, որը առցանց հասանելի է բոլորին:
Կարելի է ասել, հիմք է դրվում հանրության առջև պարզ ու մատչելի ձևով հաշվետվության նոր մշակույթի, որն սկսվում է հենց պաշտոնավարման 100 օրվա ամփոփումով: Այս փաստաթղթերում հստակ, առանց ավելորդությունների ոլորտ առ ոլորտ ներկայացվել են տնտեսության հիմնական ախտորոշումները, երկարաժամկետ լուծումները, ապա՝ ինչ է արվել 100 օրում և առաջիկա քայլերը: Կատարված աշխատանքը ավելի սթափ գնահատելու համար կարելի է ոլորտ առ ոլորտ ներկայացնել հաշվետվությունը:
Ներկայացնենք զբոսաշրջության ոլորտում եղած վիճակը և կատարված քայլերը:
Հիմնական խնդիրը այս ոլորտում այն է, որ մեր երկրի զբոսաշրջության ներուժը դեռևս բացահայտված չէ և համաշխարհային շուկայում դեռևս պատշաճ չենք ներկայանում: Զարգացած չեն տուրիզմի ոլորտի ենթակառուցվածքները: Առկա են սահմանային անցման գործընթացներում որոշակի բարդություններ:
Մեր ներգնա զբոսաշրջությունը հիմնականում հիմնված է հայկական ծագումով զբոսաշրջիկների վրա, տարբեր երկրներից զբոսաշրջության դիվերսիֆիկացիայի խնդիրներ ունենք, ինչպես նաև զբոսաշրջիկներին առաջարկվող ծրագրերը այնքան էլ բազմազան չեն: Արդյունքում՝ տնտեսության մեջ զբոսաշրջությունը չունի անհրաժեշտ կշիռ, որքան կարող էր ունենալ, իսկ մարզերը պատշաճ չեն ներկայացվում և այնքան էլ չեն օգտվում այդ հնարավորություններից:
Այս ընթացքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվել է զբոսաշրջության պետական կոմիտե, ստեղծվել է տարեկան զարգացման ծրագիր, որի ակտիվ թիրախային շուկաները պետք է լինեն՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Ծոցի երկրները, Արևմտյան Եվրոպայի երկրները: «Զբոսաշրջության մասին» օրենքում նոր փոփոխություններ են մշակվում, որը շուտով կներկայացվի Կառավարությանը և Ազգային ժողովին:
Նոյեմբերի 10-ից հեշտացվել է Չինաստանի քաղաքացիների համար դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացը: Հեշտացված կարգով անմիջապես սահմանին և առցանց վիզա ստանալու համար, ինչպես նաև առանց վիզային ռեժիմի Հայաստան մուտք գործելու համար, այլ նպատակային շուկա հանդիսացող երկրների համար նույնպես փոփոխություններ կլինեն:
Համաշխարհային բանկից կստացվի 55 մլն. ամերիկյան դոլարի վարկ, որը կուղղվի համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և ծառայությունների որակի բարձրացմանը: Պետական աջակցություն է նախատեսվում լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն գործող մասնավոր նախաձեռնություններին։
20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձան ու բնության հատուկ պահպանվող տարածքներն զբոսաշրջության վայր դարձնելու համար շուտով կմշակվի ծրագիր: Մշակվել է Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Կարևորվում է հատկապես բաց երկնքի քաղաքականության արդյունավետ իրականացումը. որի միջոցով Հայաստանի հասանելիության շեշտակի կմեծանա:
Երկարաժամկետ լուծումների կտրվածքով Կառավարությունը իր առջև դնում է զբոսաշրջիկների քանակի շարունակական երկնիշ աճ և համաչափ տեղաբաշխում ամբողջ հանրապետությունում: