18/01/2017 09:39
Ծառուկյանի վերադարձը մեծապես խայտառակություն է հենց ՀՀԿ-ի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդում»մ կարդում ենք. «Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր կողմից փակված քաղաքական էջը բացելու և լայն դաշինքով ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին: Այս հայտարարությունը դեռ շատ կմեկնաբանվի ու կքննադատվի, բայց մի բան ակնհայտ է. նրան «չագուճ ու մեխով» քաղաքականությունից դուրս հրավիրող Հանրապետական կուսակցությունը երեկ ողջ օրը ընդհատակում էր: Նախկինում «բլբուլ կտրած» գործիչները, որոնք Ծառուկյանին քաղաքական չարիք էին համարում, խուսափում էին մեկնաբանել Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:
Եվ այս իրավիճակում Ծառուկյանի վերադարձը մեծապես խայտառակություն է հենց ՀՀԿ-ի համար, քանի որ իշխող այդ կուսակցության առաջնորդն էր ամպագոռգոռ հայտարարություններ անում, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա, ստացվում է, որ ապրում ենք կրկեսի վերածված հայրենիքում: Ու որքան էլ իշխանական շրջանակներից լուրեր տարածվեն, թե Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին «գործուղել» քաղաքական դաշտ, միևնույն է, Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար: Ծառուկյանը նրանցից և ձայներ կտանի, և մարդկային ռեսուրս, որոնք տարիների ընթացքում նեղացել են ՀՀԿ-ից»: