18/01/2017 11:24
ԱԻՆ-ը համալրվել է ազդարարման համակարգի նոր սարքավորումներով
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը:
Նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Օքսֆամ» կազմակերպությունը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացնում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո:
Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական համայնքների և ազգային կառույցների պատրաստվածությունը և նվազեցնել նրանց խոցելիությունը՝ առաջարկելով ռազմավարություններ, որոնք կհզորացնեն Հայաստանում բնական վտանգների ժամանակ նրանց պատրաստվածությունը և արձագանքելու ունակությունները:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բազմածավալ միջոցառումներ Տավուշի մարզի 16 գյուղական և 2 քաղաքային համայնքներում:
Ծրագրի շրջանակներում ներկայումս նախատեսվում է իրականացնել փոքրածավալ մեղմացման (միտիգացիոն) ծրագրեր Տավուշի մարզի 11 համայնքներում, որի հետ կապված կատարվել են նախագծային աշխատանքներ, ինչպես նաև՝ նախատեսվում է լուսաձայնային ահազանգման համակարգերի տեղադրում թիրախային համայնքների դպրոցներում: