18/01/2017 15:13
ԱՄՆ ԿՀՎ-ն հրապարակել է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) բաց առցանց մուտքով զետեղել է մոտ 13 միլիոն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Նրա տվյալով՝ փաստաթղթերը, որոնցից հանված է գաղտնիության գրիֆը, վերաբերում են գերատեսչության գործունեությանը՝ սկսած դրա ստեղծման պահից՝ 1947 թվականից, ընդհուպ մինչև 1990-ական թվականները:
Դրանք նաև լույս են սփռում ԿՀՎ-ի աշխատանքի ասպեկտների վրա սառը պատերազմի, նաև վիետնամական և կորեական ռազմական հակամարտությունների ժամանակներում, հաղորդել է հեռուստաալիքը: ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ֆրիտց Հոռնյակի խոսքով՝ զետեղվել է իրոք ամբողջ արխիվը:
Ինչպես նշել է նա, «ընտրողական մոտեցում չի եղել» այն առումով, թե ինչը հրապարակել, իսկ ինչը՝ ոչ: «Դա լիակատար պատմությունն Է, այն բովանդակում է ինչպես լավը, այնպես էլ վատը»,- ասել է նա: