18/01/2017 11:41
ԱՄՆ պետդեպը` բլոգեր Լապշինի արտահանձնման մասին. Խոսքի ազատությունը կարևոր է մեզ համար
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն Ադրբեջանին հիշեցրել է խոսքի ազատության մասին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, լրագրողների հետ ճեպազրույցում Ջոն Քիրբին, պատասխանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին հարցին, հայտարարել է. «Ավելի լավ է՝ կոնկրետ երկիրը խոսի այդ մասին: Բայց խոսքի ազատությունը կարևոր է մեզ համար»:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կփորձի լուծել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինի հետ կապված խնդիրը, որին ձերբակալել են Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լավրովի խոսքով՝ Մոսկվան դեմ է լրագրողների կամ մասնավոր անձանց՝ «այս կամ այն տարածք» այցելության քրեականացմանը, նաև դեմ է որևէ երկրում ձերբակալված ռուսաստանցու արտահանձնմանը երրորդ երկիր:
Դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»՝ առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետություն այցի համար:
Ամեն դեպքում, 2015 թվականի հունիսին Լապշինն ուկրաինական անձնագրով Վրաստանի տարածքով Ադրբեջան է մեկնել: Նա կարողացել է սահմանային անցակետն անցնել և Բաքու հասնել՝ անձնագրում «Ալեքսանդր» անվան այլ ձևի շնորհիվ («Օլեքսանդր»):
Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրում են Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի հայցը, բայց առայժմ որևէ որոշում չեն կայացրել: