18/01/2017 11:56
Չինարիի ուղղությամբ հակառակորդի կրակոցները թիրախային ուղղված են քաղաքացիական բնակչությանը. Արման Թաթոյան
Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմից Չինարիի ուղղությամբ հարձակումը տեղի է ունեցել պայմաններում, երբ հայ զինծառայողների կողմից չի եղել որևէ վտանգ կամ վնաս հասցնելու միտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք աշխատանքներին, ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ ՄԻՊ ներկայացուցիչը եղել է ոչ միայն գյուղի, այլև՝ անմիջականորեն միջադեպի տարածքում։
«Մեր այցելությունները շարունակվել են նաև տոնական օրերին, երբ ևս գյուղի ուղղությամբ խախտվել է հրադադարը»,- ասաց Արման Թաթոյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ գյուղը գնդակոծվել է նաև հունվարի 3-ին՝ ժամը 18։00-ից 19։00-ն և հունվարի 8-ին։
«Երկու այս միջադեպերին էլ եղել են թիրախային կրակոցներ քաղաքացիական բնակչության վրա։ Հունվարի 3-ին հրադադարը խախտվել է գյուղի դպրոցի և մանկապարտեզի ուղղությամբ»,- ասաց Արման Թաթոյանն՝ ավելացնելով.
«Հատուկ ուզում եմ շեշտել, որ գյուղի մոտակայքում չկա զորամաս, որևէ ռազմական օբյեկտ։ Այստեղ բացառապես քաղաքացիական բնակչություն է, ինչը շատ ավելի ակնհայտ է դարձնում, որ վնաս են ցանկացել հասցնել խաղաղ բնակչությանը»։
Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին ներկայացրեց նաև փաստահավաք խմբի՝ գյուղում արված լուսանկարները, որոնցում երևում են կրակահերթերի հետքերը։