18/01/2017 14:28
ԳԱԼԱ-ն լռության օր է հայտարարել. Վաղը կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ
ԳԱԼԱ կուսակցությունը երեկ շարունակել է վարչության ընդհատված նիստը, որի ժամանակ քննարկվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանը նշեց, որ ընտրություններին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կուսակցությունը կհրապարակի վաղը:
«Այսօր մեզ համար լռության օր ենք հայտարարել, որպեսզի նաև մեր համակիրների, կուսակցութան մյուս ներկայացուցիչների կարծիքները լսենք, հասկանանք նրանց տեսակետները և ի մի բերենք վարչության նիստի ընթացքում քննարկվող տեսակետները: Վաղը երեկոյան տեղի կունենա քվեարկություն ու պարզ կդառնա՝ կմասնակցի ԳԱԼԱ-ն ընտրություններին, թե ոչ»,- նշեց Արմենուհի Վարդանյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ ԳԱԼԱ-ն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունների կողմից և նշեց, որ վարչության անդամների մեծամասնությունը միտված չէ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
«Վարչության անդամների մեծամասնությունը ո՛չ միայնակ, ո՛չ էլ դաշինքով չի ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Երեկ մեծամասնության կարծիքն այսպիսին էր»,- ընդգծեց Արմենուհի Վարդանյանը: