18/01/2017 14:03
Մենք չենք կենտրոնանում Գագիկ Ծառուկյանի անձի վրա և նրա վերադարձը պետք չէ սարքել պատմական իրադարձություն. Էդուարդ Շարմազանով
Քաղաքականություն վերառանալուց հետո ՀՀԿ-ն մրցակից համարո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին, շարունակո՞ւմ է արդիական մնալ Սերժ Սարգսյանի՝ «Ծառուկյան քաղաքական դերակատարը չարիք է»-ն, կհաջողի արդյոք ԲՀԿ նախկին ղեկավարը քաղաքական կյանքում. այս հարցերի շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
- Պարոն Շարմազանով, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: ՀՀԿ-ն նրան մրցակից տեսնո՞ւմ է գալիք ընտրություններում:
- Մենք չենք կենտրոնանում Գագիկ Ծառուկյանի անձի վրա և Ծառուկյանի վերադարձը պետք չէ սարքել պատմական իրադարձություն: Հերթական իրադաձությունն է, ընդդիմությունը միայն Ծառուկյանի գլխավորած դաշինքը չէ: Մեզ համար առանձնապես տարբերություն չկա ընդդիմադիր դաշտում Ծառուկյանը կլինի, Քոքոբելյանը կլինի, Մարուքյանը կլինի, Փաշինյանը կլինի, Օսկանյանը, թե Օհանյանը: Մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք, ժողովրդավարությունը ինքը մրցակցություն է, որը բաց է: Մենք երբեք անձերի դեմ չենք պայքարել ու չենք էլ պայքարելու, մենք պայքարելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության ու պայքարելու ենք գաղափարներով՝ ակնկալելով, որ ապրիլերկուսյան քաղաքական պառլամենտական ընտրությունների հիմքը կլինի ոչ թե անձերի միջև պայքարը, ոչ թե սև PR-ը, ոչ թե ոչ քաղաքական լեքսիկոնը, այլ՝ քաղաքակիրթ, քաղաքական, գաղափարական, ծրագրային ընտրապայքարը, որի արդյունքում հանրությունը կորոշի, թե բազում կուսակցություններից ու դաշինքներից ում ընտրի: Անկախ Ծառուկյանի վերադարձից կամ չվերադարձից՝ ՀՀԿ-ն մնում է Հայաստանի քաղաքական կյանքի առաջատար ուժը ու, անկախ Ծառուկյանի կամ Քոքոբելյանի ու Փաշինյանի քաղաքական ծրագրերից՝ ՀՀԿ-ի ծրագրերում շեղում չի լինելու. մենք գնում ենք մեր օրակարգով, որը նոյեմբերի 26-ին նախանշել է Հայաստանի ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
- ԲՀԿ նախկին ղեկավարը ասաց, որ իր՝ քաղաքականությունից հեռանալու որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Համաձա՞յն եք նրա այս մտքի հետ:
- Կոռեկտ չի լինի տարբեր մարդկանց գնահատականները սեփական անձի վերաբերյալ ես մեկնաբանեմ: Եթե ինքն այդպես է մտածում… համենայնդեպս, ես իմ տեղի մասին երբեք այդպես չեմ մտածում:
- Փետրվարի 12-ի հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը Ծառուկյան քաղաքական դերակատարին որակեց չարիք: ՀՀԿ-ն հիմա՞ է լ է մնում այդ կարծիքին:
- Մենք խոսել ենք, խոսում ենք և խոսելու ենք բացառապես երևույթներից: Ցանկացած վատ երևույթ, ցանկացած հակաքաղաքական, ոչ կոռեկտ երևույթ, որը դեմ է մարդկային պայքարին, որը դեմ է բարոյական կերպարին, որը դեմ է քաղաքական մշակույթին, որը դեմ է կոռեկտությանը, անկախ անձի դերակատարից՝ ով է դա անողը՝ Ծառուկյանը, Շարմազանվոը, Պողոսյանը, թե Պետրոսյանը, մենք քննադատել ու քննադատելու ենք: Բոլոր այն դրական երևույթները, անկախ նրանից` դա անում է Ծառուկյանը, ես, Փաշինյանը, թե Պետրոյսանը, եթե դրական է, մենք, բնականաբար, դրական ենք վերաբերելու, մենք որևէ անձի հետ խնդիր չունենք, ՀՀԿ-ն ըննդեմ ինչ-որ մեկի երբեք պայքար չի ծավալել, մենք ծրագրային, գաղափարական ուժ ենք, խոսում ենք բացառապես երևույթների ու եթե երևույթը դրական է, տալիս ենք դրական գնահատական, եթե բացասական է, տալիս ենք բացասական գնահատական:
-Պարոն Շարմազանով, հեռանալ-վերադառնալուց հետ, ըստ ձեզ, կհաջողի՞ Ծառուկյանը քաղաքական կյանքում:
-Ապրիլի երկուսից հետո կերևա…