18/01/2017 15:04
Անիրատեսական է, որ Թրամփը մասնակցի հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի շուրջ եռակողմ բանակցություններին. Հակոբ Չաքրյան
Դոնալդի Թրամփի մասնակցությունը հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի շուրջ եռակողմ՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ բանակցություններին անիրատեսական է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Թրամփն Օբամայից պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին: Մի փոքր իրատեսական չէ, որ դրանից 3 օր հետո անմիջապես մեկնի Աստանա: Նաև Միացյալ նահանգները գոհ չի լինի, որովհետև Սիրիայի քաղաքական զարգացումներում նախաձեռնությունը ամբողջովին անցնում է Ռուսաստանին: Ընդ որում, մենակ Սիրայում չէ, այլ նաև Լևանտում՝ Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածում, որտեղ Ռուսաստանի հեղինակություն խիստ աճում է: Այսինքն, շուտով Արևմուտքը Լևանտում նախաձեռնությունը կորցնելու փաստի առջև կարող է կանգնել», - նշեց թուրքագետը:
Անդրադառնալով Սիրայում տիրող զինադադարին՝ նա նշեց, որ այն բավականին հեղհեղուկ է, քանի որ Սիրիայի ազատ բանակը, որը համարվում է բանակցող կողմ և ներառում է 500 խմբավորում, «կուռ կառույց չէ» և իրենց մեջ էլ են անընդհատ «գզվրտոցներ» լինում: