18/01/2017 17:34
Ահաբեկչությունը Թուրքիայի ներքաղաքական կյանքի մշտական գործոնն է դարձել. Հակոբ Չաքրյան
Սիրիայի նկատմամբ Էրդողանի որդեգրված քաղաքականության պատճառով վատթարացել են Թուրքիայի արտաքին հարաբերությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Երկար ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ին փորձում էր ներքաշել ցամաքային ռազմական գործողությունների մեջ, որից վերջինս հրաժարվեց: Իսկ Հյուսիսային Սիրիայի քրդերի հարցում Թուրքիան ուղիղ հակադարձ դիրքորոշում ունի՝ նրանց համարում է ահաբեկինչներ, իսկ ՆԱՏՕ-ն՝ Վաշինգտոնի ցամաքային զորքեր», - նշեց թուրքագետը:
Նա նաև տեղեկացրեց, որ Թուրքիան մի շարք խնդիր ունի ԵՄ-ի հետ:
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորների և երկու համանախագահների ազատազրկման հետ կապված Թուրքիան ԵՄ-ի հետ խնդիրներ ունի: Բացի այդ, Թուրքիայում բանտարկված են քաղաքային վարչության 31 անդամներ, քրդաբնակ շրջանի բոլոր քաղաքապետները՝ թվով մոտ 700 մարդ: Մեկ այլ խնդիր է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրության երկարաձգումը Թուրքիայի կողմից, որը ԵՄ-ը պահանջում է վերացնել: Նաև պահանջում է ազատ արձակել ձերբակալված լրագրողներին», - ասաց Հ. Չաքրյանը:
Թուրքագետը նաև նկատեց, որ ահաբեկչությունը Թուրքիայի ներքաղաքական կյանքի մշտական գործոնն է դարձել. «2015 թվականի հունվարից մինչև օրս չկա մի ամիս Թուրքիայում, որ ահաբեկչություն չկատարվի»: