18/01/2017 14:39
Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին անիրագործելի է համարել, այսպես կոչված, միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռոհանիի կարծիքով՝ դրա վերաբերյալ Թրամփի խոսքը սոսկ կարգախոսների հավաքածու է, որը իրականության հետ առնչություն չունի:
Իրանի նախագահն իր կարծիքը հնչեցրել է երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:
«Հարգարժան ընտրված նախագահն իր դժգոհությունն է հայտնել գործարքից, ասել, որ այն վատն է, միգուցե ամենավատը պատմության մեջ»,- նշել է Ռոհանին՝ հավելելով, որ գործարքի պայմանների վերանայման մասին խոսք լինել չի կարող: